Համայնքի մասին

 

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

 

 

Պատմական աղբյուրների համաձայն ներկա Վրաստանի տարածքում հայաբնակ վայրեր եղել են հին ժամանակներից: Սակայն հայ փախստականների առաջին մեծ ալիքը Վրաստանում հայտնվել է XI դարում, երբ թուրքական քոչվոր ցեղերը սկսել էին գրավել պատմական Հայաստանի տարածքները: Բացի այդ, 1829-1830թթ. ցարական Ռուսաստանի կողմից Ջավախքում վերաբնակեցվել է 20000 հայկական ընտանիք Էրզրումից:

Ժամանակի ընթացքում Վրաստանը հայերի համար դարձավ երկրորդ հայրենիք: Եթե Վրաստանը հայերին զարգացման և ազգային ինքնության պահպանման համար բոլոր պայմաններն է տրամադրել, ապա, վիրահայերը, իրենց հերթին, զգալի դեր են խաղացել այս երկրի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում:

XIX դարի առաջին կեսից Թիֆլիսն իր աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ դարձել էր Կովկասյան փոխարքայության կենտրոնը և ամբողջ Անդրկովկասի բանական և մշակութային կյանքի առանցքակետը: Հայ ստեղծագործական մտավորականությունը նշանակալից մասնակցություն է ունեցել քաղաքի գեղարվեստական միջավայրի զարգացման և կայացման մեջ:

XIX դարի երկրորդ կեսից Թիֆլիսը դառնում և երկար ժամանակ մնում է արևլահայկական երաժշտական մշակույթի կենտրոնը: Այստեղ ստեղծագործել են հայկական երաժշտության դասականներ Մ. Եկմալայանը, Խ. Կարա-Մուրզան, Ա. Մելիք-Փաշաևը, «Անուշ» օպերայի հեղինակ Ա. Տիգրանյանը: Ծագումով Թբիլիսիից են եղել նաև ժամանակակից մեծ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը և Միքայել Թարիվերդիևը:

Վրաստանի հետ է կապված նաև հայ դասական գրականության զարգացումը: Այս երկրի մայրաքաղաքում են ստեղծագործել երևելի գրողներ Խ. Աբովյանը, Րաֆֆին, Հ. Թումանյանը, Գ. Սունդուկյանը, Ղ. Աղայանը, Նար-Դոսը, Մուրացանը, Հ. Հակոբյանը, Պ. Պռոշյանը, Ծերենցը, Ա. Ծատուրյանը, Շիրվանզադեն, Վ. Տերյանը, այլք:

XX դարի սկզբի հայ մտավորականության կյանքի իսկական կիզակետը դարձել էր Հովհաննես Թումանյանի ստեղծված «Վերնատուն» գրական-գեղարվեստական սալոնը: Նրա մշտական այցելուները եղել են հայտնի գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ, մասնավորապես, Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Վ. Տերյանը, Գ. Բաշինջաղյանը, Ե. Թադևոսյանը, Վ. Սուրենյանցը:

Վրաստանի մայրաքաղաքի եզակի ճարտարապետական շինություններից շատերը գոյություն ունեն այնպիսի տաղանդավոր ճարտարապետների շնորհիվ, ինչպիսիք են Մ. Օհանջանովը և Գ. Տեր-Միքելովը, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ, նախկին Խորհրդային Միության ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ Ք. Տեր-Սարկիսովը (Սաթունցը): Արգասաբեր գործունեություն էր ծավալել Պ. Զուրաբյանը, որը կառուցել է տասնյակ տարբեր շենքեր Թբիլիսիում, Բորժոմիում, Աբասթումանիում և այլուր:

Վրաստանի մայրաքաղաքում ձևավորվել է նաև մի գեղարվեստական ֆենոմեն, որը կրում է «հայկական գեղանկարչության թիֆլիսյան դպրոց» անունը: Այդ դպրոցին, մասնավորապես, պատկանում է Անդրկովկասում դիմանկարի ժանրի հիմնադիրներից մեկի` Հակոբ Հովնաթանյանի գեղանկարչությունը:

Հայ ռեալիստական բնապատկերի հիմնադիրն է ծնունդով Կախեթի Սիղնաղի քաղաքից Գևորգ Բաշինջաղյանը, որը գեղանկարչական լեզվով գովերգել է Կովկասի վեհ բնությունը` իր բազմաթիվ երանգներով: Թբիլիսիի թանգարաններում պահվում են ուրվանկարի մեծագույն վարպետ Վանո Խոջաբեգովի հոյակապ գործերը` պատկերող հարազատ քաղաքը:

Սակայն գեղանկարչության վրացի ջատագովները առանձնահատուկ տեղ են հատկացնում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովին, որը հսկայական ներդրում է կատարել գեղանկարչության թիֆլիսյան դպրոցի հետագա զարգացման գործում:

XX դարը մեզ հարստացրել է այնպիսի վարպետների կտավներով, ինչպիսիք եղել են Լ. Բոյախչևը, Ա. Դիլբարյանը, Ռ. Կոնդախսազովիը: Աշխարհի շատ երկրներում մեծ հետաքրքրություն են դրսևորում հայտնի թբիլիսցի նկարչուհի Գայանե Խաչատրյանի կտավների նկատմամբ:

Վրաստանի ականավոր հայերի մասին խոսելիս, անկարելի է չհիշատակել կինոարվեստի հայտնի գործիչների` «Գռուզիա-ֆիլմ» կինոստուդիայի փաստական հիմնադիր Համո Բեք-Նազարովին և ժամանակակից կինոյի ճանաչված հանճար Սերգեյ Փարաջանովին:

Վրաստանի և, մասնավորապես, Թբիլիսիի մշակութային կյանքում հայերի ծավալած ընդարձակ գործունեությունն իրենից ներկայացնում է հայկական մշակույթի մի հսկայական և բազմազան շերտ, որը երևան է եկել վրացական հողում երկու` հայկական և վրացական ազգային մշակույթների համադրման արդյունքում:

Վրաստանում բնակվող հայերի թիվը միշտ փոփոխվել է, ինչը կապված է եղել տարբեր պատմական, քաղաքական և տնտեսական պայմանների հետ: Վրաստանում անցկացված վերջին` 2002 թվականի մարդահամարի տվյալներով, երկրի հայկական բնակչության թիվը հասնում է 248 900-ի (առանց Աբխազիայում բնակվող հայերի, որտեղ, 2003 թվականի մարդահամարի համաձայն ապրում են 44900 հայեր), ինչը կազմում է Վրաստանի ամբողջ բնակչության 5,7 տոկոսը: Առավել խոշոր հայկական համայնքներ են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի տարածաշրջաններում, ինչպես նաև Աջարիայում և Աբխազիայում:

Վիրահայության կյանքում կարևոր դեր է կատարում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, որը ներկայումս գլխավորում է Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյնանը:

Այսօր Վրաստանում գործում են 46 հայկական եկեղեցիներ, որոնցից 6-ը համարվում են «վիճելի»: Ամենախոշորների թվին պատկանում են Ս.Գևորգ մայր եկեղեցին և Սբ. Էջմիածնոց եկեղեցին Թբիլիսիում, Ս. Խաչ եկեղեցին Ախալաքալաքում, Ս. Սարգիս եկեղեցին Նինոծմինդայում, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Ախալցիխեում և Ս. Փրկիչ եկեղեցին Բաթումում:

Վրաստանի խորհրդարանում հայկական համայնքը այժմ ներկայացնում են երեք պատգամավորներ` «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից մեծամասնական կարգով ընտրված Սամվել Պետրոսյանը և Էնզել Մկոյանը, «Վրացական երազանք» դաշինքից համամասնական կարգով ընտրված Ռուսլան Պողոսյանը:

Վրաստանում գործում են մինչև 150 հայկական դպրոցներ, որոնցից մոտավորապես 100-ը Ջավախքում և երեք դպրոց Թբիլիսիում (դրանցից երկուսը` որպես հայկական մասնաճյուղ վրացական դպրոցում):

Վրաստանի մայրաքաղաքում գործում են ևս երկու խոշոր հայկական հաստատություններ` հայալեզու «Վրաստան» շաբաթաթերթը և Պետրոս Ադամյանի անունը կրող հայկական դրամատիկական թատրոնը:

«Վրաստան» թերթը հիմնադրվել է 1920 թվականին և, փաստորեն, երկրի հնագույն գործող լրագիրն է: Այն հիմնվել է որպես անկախ թերթ, Վրաստանում խորհրդային կարգի հաստատումից հետո դարձել էր հանրապետության կոմունիստական կուսակցության ղեկավարության մամուլի օրգան և լույս էր ընծայվում «Խորհրդային Վրաստան» անունով, իսկ այժմ, դարձյալ անկախ թերթ: Թերթի խմբագիրը Վան Բայբուրթյանն է, որը, միաժամանակ, Վրաստանի նախագահի խորհրդական է:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնին, ապա այն Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է:

Հիմնադրման օրվանից թատրոնը մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերի մշակութային կյանքում` միաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ` հայ-վրացական բարեկամական հարաբերություններում, ինչը բխում էր թատրոնի ստեղծագործական ավանդույթներից, որոնք հիմնված էին երկու ազգերի մշակույթների նկատմամբ փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա:

Թբիլիսիում հայկական թատրոնի սկզբնավորման պատմությունն սկսվում է 1824 թվականից, երբ Ներսիսյան դպրոցում սկսել էին բեմադրել ներկայացումներ հայերեն լեզվով: Արդեն 1856 թվականին այստեղ հիմնվել էր  պրոֆեսիոնալ հայկական թատրոն, որի գլխավորում էր Գևորգ Չմշկյանը: Թատրոնի հետ համագործակցել են հայ ռեալիստական թատերագրության հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը, թատերագիրներ Ն. Ալադադյանը, Ն. Պուգինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը:

Հայկական դրամատիկական թատրոնը, որը վերանվանվել է Պ. Ադամյանի անվան 1991 թվականին, գլխավորում է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

Սակայն, ցավով պետք է  նշել, որ վերջին տարիներին հայկական թատրոնը չունի այն փառքը, որը պետք է ունենար 160 տարվա պատմություն ունեցող մշակութային օջախը:

Վրաստանում ներկայումս գործում են նաև մոտ 50 հայկական հասարակական կազմակերպություններ:

Վրաստանի հայ համայնքի ակտիվ անդամներ են վիրահայ գործարարները: Համայնքի հասարակական և մշակութային գործունեության հետ կապված շատ նախաձեռնություններ իրագործվում են նրանց անմիջական օգնության և աջակցության շնորհիվ:

 

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր