Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի այցելությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

01.10.2012

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում և Աջարիայի հայ համայնքի հետ հանդիպման նպատակով` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Աջարիայի Ինքնավար Հանրապետություն:

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ դեսպանը և դեսպանության դիվանագիտական կազմը մասնակցեցին Բաթումիի Սուրբ  Փրկիչ  հայ առաքելական եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի կողմից տրված պատարագին:

 

Նույն օրը Բաթումիի «Բարեկամության տանը» Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց միջոցառում նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին, որին մասնակցում էին Աջարիայի հայերի միության, «Մեր տունը` Վրաստանն է», «Մեր Ապագան» երիտասարդական և կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաներ, հայ համայնքային կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող անձիք: Միջոցառմանը ներկա էր նաև Բաթումիում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

 

Դեսպան Մանուկյանը հայ համայնքին ներկայացնելով նորանշանակ գլխավոր հյուպատոսին` ընդգծել է նրա հմտությունն ու փորձառությունը դիվանագիտական ոլորտում և հույս հայտնել, որ նորանշանակ գլխավոր հյուպատոսը նոր լիցք կհաղորդի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքներին, և մասնավորապես` կնպաստի Աջարիայի հայ համայնքի մշակութային և հոգևոր վերելքի գործին:

Դեսպանը բարձր գնահատեց Աջարիայի հայ համայնքի և Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության միջև հաստատված կանոնավոր շփումները, կարևորեց հետագա համակարգված փոխգործակցությունն ու վրացահայ համայնքի դերակատարությունը Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Ողջույնի խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, համայնքային կազմակերպությունների ղեկավարները և Աջարիայի հայերի հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը:

Հանդիսության շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսական պարգևների արժանացան Աջարիայի հայ համայնքային մի շարք ներկայացուցիչներ:

Միջոցառման ավարտին համերգով հանդես եկան եկեղեցական երգչախմբի և կիրակնօրյա դպրոցի սաները:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր