Իրադարձություններ

Վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու <<Հայ ժողովրդի գողգոթան>> ալբոմի շնորհանդեսը

06.10.2012

Ս.թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և <<Կովկասյան տուն- մշակութային կապերի կենտրոնը>> կազմակերպել էին վրաց նկարչուհի  Նինո Փիրցխալաիշվիլու <<Հայ ժողովրդի գողգոթան>> գծանկարների և գրաֆիկական պատկերների  ալբոմի շնորհանդեսը:

Վերջերս կյանքից անժամանակ հեռացած նկարչուհու գծանկարների ալբոմը հրատարակվել է Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից և նվիրված է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության Զոհերի հիշատակի 97-րդ տարելիցին:

Հայ ազգի բարեկամ Նինո Փիրցխալաիշվիլու ստեղծագործության նշանակալից մասը կազմում են  Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան քառասուն օրը>> նշանավոր վեպի պատկերազարդումները: Ալբոմում ընդգրկված են  նաև գրաֆիկական կոմպոզիցիաներ` նվիրված  հայ  մեծանուն  երգահան,  բանահավաք և  խմբավար  Կոմիտասին: Ն. Փիրցխալաիշվիլու ստեղծագործության հիմնական նպատակը, ինչպես ինքն է ասում, ծառայում է <<քնածներին արթնացնելու, անհոգիների մեջ հոգի ներարկելու, մերձավորին միշտ կարեկից լինելու` բոլորին անհրաժեշտ իրեղեն գաղափարին>>:

Շնորհանդեսին հրավիրված էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպություններիՎրաստանի մշակութային և հասարակական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ալբոմի ստեղծման գաղափարի և դրա իրագործման կարևորության մասին խոսեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական  եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, գրող, հրապարակախոս և թարգմանիչ Գիվի Շահնազարին, ալբոմի հրատարակման համակարգող Իրենա Օհանջանովան:

Դեսպան Մանուկյանն իր խոսքում խորը երախտագիտությամբ հիշելով վաղամեռ նկարչուհուն` կարևորեց ալբոմի հրատարակման փաստը վերջինիս կենդանության օրոք, ինչը նրա երազանքն էր, և նաև մեր` հայերիս,  բարոյական պարտավորությունը անմահացնել ազնիվ, բարի և կարեկցանքով լի վրացուհու աշխատանքները, որոնք պատկերում են իր կողմից շատ սիրված հայ ժողովրդի մեծ ցավն ու ապրումները: Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև հայոց ցեղասպանության խնդրի համընդհանուր ճանաչման և դատապարտման կարևորությանը` նման ոճրագործությունների կանխման և պատմական արդարության վերականգնման  տեսանկյունից և հույս հայտնեց, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին բոլոր քաղաքակիրթ երկրները կկատարեն իրենց պարտքը անմեղ զոհերի      հիշատակի      և բարոյականության առջև:

          

<<Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ մեր հարևան և բարեկամ երկիր Վրաստանը նույնպես կճանաչի և կդատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և մենք բոլորս ականատես կլինենք դրան>>,-իր խոսքում նշեց դեսպան Մանուկյանը:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր