Իրադարձություններ

Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով Թբիլիսիում

26.10.2012

Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիի պետական համալսարանի Իվանե Ջավախիշվիլիի անվան սրահում տեղի ունեցավ Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով:

              
Նույն օրն առավոտյան, գիտաժողովի մասնակցության նպատակով, Վրաստանում գտնվող Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Թբիլիսիի Ս.Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Հյուրերին ողջունեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, հոգևոր դասի, հայ համայնքի և դեսպանության ներկայացուցիչները: ԵՊՀ ռեկտորը ծաղկեպսակ տեղադրեց եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց ոգեկոչման արարողություն:

               
Նախքան գիտաժողովի անցկացումը ՀՀ դեսպանի մասնակցությամբ կարճատև աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ԹՊՀ ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլիի և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև: Հանդիպման մասնակիցները հակիրճ հարցազրույցներ տվեցին լրատվամիջոցներին:
Վերջին տարիներին երկու երկրների միջև կայացած թվով երրորդ նմանատիպ գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլին, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Դարեջան Թվալթվալձեն և պրոֆեսոր Զազա Ալեկսիձեն:
Միջնադարի հայ խոշորագույն աշուղ-բանաստեղծին նվիրված զեկույցներ ընթերցեցին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, Հայ գ¬րականո¬ւթյա¬ն ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ԹՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի թղթակից անդամ պրոֆեսոր (դոցենտ) Նամադի Բարթաիան, Շոթա Ռուսթավելիի անվան Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Զոյա Ցխիդաիան:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր