Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի նորընտիր խորհրդարանի ղեկավար կազմի հետ

07.11.2012

 Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Քութաիսիում տեղակայված Վրաստանի նորընտիր խորհրդարան` վերջինիս նախագահի և ղեկավար կազմի այլ անդամների հետ հանդիպման նպատակով:

Վրաստանի խորհրդարանի նորանշանակ խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին` ողջունելով Հայաստանի դեսպանին` նշեց, որ ՄԱԿ-ի և ԵՄ-ի դեսպաններից հետո սա իր երրորդ հանդիպումն է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներից, ընդ որում` Հայաստանի դեսպանն առաջինն է, ում հետ հանդիպումը կայանում է Քութաիսիի խորհրդարանի նորակառույց շենքում:

             

Շնորհակալություն հայտնելով ընձեռնված հնարավորության համար, դեսպան Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ ծանոթությունը նորընտիր խորհրդարանի ղեկավարության հետ և իր այցի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները գործնական նոր լիցքեր կհաղորդեն ոչ միայն միջխորհրդարանական համագործակցությանը, այլև կարևոր քայլ կհանդիսանան հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և խորացման հեռանկարի տեսանկյունից:

Վրաստանի խորհրդարանի նախագահը և Հայաստանի դեսպանը բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը անվտանգության հարցերի, տնտեսական, էներգետիկ և տարանցիկ առևտրի, կրթամշակութային և այլ բնագավառներում, միակարծիք էին համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության առումով: Երկուստեք ամրագրվեց տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը: Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց նոր լիցքեր հաղորդել երկկողմ հարաբերությունների խթանման գործընթացին, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում:

               

Զրուցակիցներն անդրադարձան նաև Վրաստանի հայ համայնքին հուզող հիմնախնդիրներին և դրանք անկաշկանդ բարձրացնելու և քննարկելու իրավական և փաստացի հնարավորության ապահովման կարևորությանը:

Դեսպան Մանուկյանն իր զրուցակցին փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր կերպով ընդունվեց Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից:   

 

 

Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ տիկին Մանանա Կոբախիձեի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մանուկյանն անդրադարձավ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործընթացներին: Զրուցակիցները, մասնավորապես, ընդգծեցին պատգամավորական բարեկամության խմբերի համագործակցության, օրինաստեղծ գործունեոթյան բնագավառում փորձի փոխանակման, միջազգային հարթակներում համագործակցության կարևորությունը:

Նույն օրը դեսպան Մանուկյանը հանդիպումներ ունեցավ նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Զուրաբ Աբաշիձեի, Մուրման Դումբաձեի և Զվիադ Ձիձիգուրիի, ինչպես նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի հետ:  

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր