Իրադարձություններ

Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի հետ

07.11.2012

Նոյեմբերի 7-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Նարմանիայի հետ:

Հանդիպմանը դեսպան Մանուկյանը շնորհավորեց զրուցակցին խորհրդարանական ընտրություններում նախարարի կողմից ներկայացվող քաղաքական ուժի հաղթանակի և կառավարության ձևավորման կապակցությամբ և հույս հայտնեց, որ Վրաստանի նոր կառավարությունը շահագրգիռ կլինի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Դեսպանն անդրադառնալով նախարարության նախկին ղեկավարության հետ ձևավորված սերտ համագործակցության արդյունավետությանը, ինչպես օպերատիվ լուծում պահանջող հարցերում, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն առընչվող հեռանկարային ծրագրերի իրագործման ընթացքում, մասնավորապես ընդգծեց նման գործելաոճի շարունակականության պահպանման և առավել ընդլայնման կարևորությունը: Նախարար Նարմանիան պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, մասնավորապես Հայաստանում նախատեսվող հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վրաստանի իշխանությունների կողմից որպես առաջնահերթ հռչակված Ախալցիխե-Բաթումի ավտոճանապարհի շինարարության հնարավորություններն ու իրատեսական ժամկետները: Դեսպան Մանուկյանն ընդգծեց ձմռանն ընդառաջ Վերին Լարսի հատվածում ճանապարհային անցողունակության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այդ հատվածով երթևեկող Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների հնարավոր բարդությունները կապված եղանակային անկանխատեսելի զարգացումների հետ: Դավիթ Նարմանիան խոստացավ ապահովել բոլոր անհրաժեշտ գործողությունները նշված անցակետի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, միաժամանակ դեսպանին տեղեկացնելով, որ մինչև ձմռան սկիզբը Վրաստանում կլինի նախապես գնված ավտոճանապարհները ձնածածկույթից մաքրող ժամանակակից արդյունավետ տեխնիկան: Այն նախատեսվում է օգտագործել նաև Վերին Լարսի անցակետի հատվածում իրականացվելիք աշխատանքներում:

ՀՀ դեսպանն ու նախարարը պայմանավորվածություններ ձեռք բերեցին ընթացիկ և հեռանկարային համագործակցության ապահովման համար անհրաժեշտ հաղորդակցության եղանակների վերաբերյալ:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր