Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի կառավարության նորանշանակ անդամների հետ

12.11.2012

 Նոյեմբերի 8-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն առանձին հանդիպումներ ունեցավ Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի, Եվրոպայի, Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի և պատիժների կատարման, պայմանական դատապարտման և իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ:

Դեսպան Մանուկյանը շնորհավորելով նորանշանակ նախարարներին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նոր քաղաքական ուժի հաղթանակի և կառավարության ձևավորման կապակցությամբ, հույս հայտնեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովման և առավել սերտ գործակցության վերաբերյալ:

***

Պետնախարարար Պ. Զաքարեիշվիլիի հետ հանդիպման ընթացքում վերջինս ընդգծեց, որ վրացական կողմը շահագրգռիռ է ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայ համայնքի արդյունավետ ներգրավմամբ Վրաստանի քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև անհրաժեշտ է համարում գործուն մեխանիզմներ ապահովել համայնքային հիմնախնդիրների արդյունավետ լուծման համար:

                 

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ինտեգրացիոն խնդիրներին, ինչի վերաբերյալ դեսպան Մանուկյանը նշեց հայկական կողմի հետաքրքրվածությունը վրացական տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման և վերաշահագործման հարցում, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանի երկրներին դիվերսիֆիկացնել սեփական կոմունիկացիան և ենթակառուցվածքային հնարավորությունները:

***

         Պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի նոր կառավարության հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում համագործակցության եղանակները:

                    

Վրաց պետնախարարը կարևորելով հայ-վրացական համագործակցությունը եվրոպական տարբեր կառույցներում` համոզմունք հայտնեց, որ առաջիկայում կընդլայնվի առկա փոխգործակցությունը ինչպես բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ պատվիրակությունների փոխայցելություններով և ընթացիկ գործնական շփումներով:

Դեսպան Մանուկյանն ու պետնախարար Պետրիաշվիլին անդրադարձան նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների, մասնավորապես` վրաց պաշտոնյան նշեց անմիջական հարևանների հետ հարաբերությունների հնարավոր բարելավման և ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ինտեգրման գործընթացի շարունակման հաստատակամության մասին:

***

Նույն օրը դեսպան Մանուկյանը հանդիպեց Վրաստանի պատիժների կատարման, պայմանական դատապարտման և իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ:

                  

Հայաստանի դեսպանն ու նորանշանակ նախարարը քննարկեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր,  ոչ ծանր և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված ՀՀ քաղաքացիների ներման և համաներման հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող բազմաբնույթ խնդիրներ:

*** 

Դեսպան  Մանուկյանը նույն օրը հանդիպեց նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Դիմիտրի Քումսիշվիլիին, որի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Փոթիի նավահանգստում տիրող իրավիճակը, երկու երկրների երկաթուղիների համագործակցության վերաբերյալ խնդիրներ, Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև ձևավորված գործնական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ հարցեր:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր