Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի hերթական հանդիպումների շարքը Վրաստանի նորանշանակ նախարարների հետ

14.11.2012

Նոյեմբերի 12–ին և 13-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: 

Հանդիպումների նպատակը ծանոթությունն էր նորանշանակ նախարարների հետ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Վրաստանի արդարադատության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվել են իրավական տեղեկատվության փոխանակման և իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը դեսպանը անդրադարձել է նաև Վրաստանի տարածքում ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցին` միաժամանակ խնդրելով գտնել մեխանիզմներ այդ կարգավիճակում հայտնված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատիվ կարգով դեսպանությանը  տրամադրելու համար:

Դեսպան Մանուկյանը և նախարար Ծուլուկիանին քննարկել են նաև օրենսդրական քաղաքականության և երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հնարավորության հետ կապված հարցեր:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ հանդիպման ընթացքում Գիորգի Կվիրիկաշվիլին կարծիք է հայտնել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը տնտեսության զարգացման ոլորտում կարևոր ուղղություններից կարող է լինել և երկու պետությունների միջև առկա համագործակցութունը պետք է առավել ընդլայնվի: Նախարարը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

                                    

Իր հերթին ՀՀ դեսպանը համաձայնվելով տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերի և տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության հետ` միաժամանակ կարևորել է տնտեսական և ֆիսկալ օրենսդրությունների ներդաշնակեցումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս ապահովել հայկական ներդրողների իրավունքների պաշտպանվածությունը և կնպաստի բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը: Դեսպան Մանուկյանը հավելել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է մեծ պոտենցիալ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար: Մասնավորապես` նշվել է տուրիզմի ոլորտը, որտեղ հեռանկարային և արդյունավետ կարող է լինել համատեղ տուրիստական երթուղիների մշակումն ու տուրիստական ենթակառուցվածքների համադրելի զարգացումը:

Զրույցի ընթացքում քննարկվել են ավիացոն հաղորդակցության խնդիրներին առնչվող հարցեր, մասնավորապես` Երևանից Թբիլիսի պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորության հարցը:

Հանդիպման ընթացքում Հովհաննես Մանուկյանը խոսել է վրացական նավահանգիստների և երկաթգծի անխափան աշխատանքի հետ կապված Հայաստանի շահագրգռվածության մասին, մասնավորապես` կարևորելով դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների բնականոն ընթացքի ապահովման հարցը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր