Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի նորանշանակ նախարարների հետ

20.11.2012

Նոյեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:

Դեսպան Մանուկյանը` շնորհավորելով զրուցակցին կառավարության ձևավորման և ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՆԳ նախարարին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր կերպով ընդունվեց նրա կողմից:

                                  

Զրույցի ընթացքում նախարարը` բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը նշեց, որ Վրաստանի նորընտիր վարչապետի և կառավարության  վարած քաղաքականությունն ուղղված է հայ-վրացական հարաբերությունների և միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարարը դեսպանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցում սպասվելիք բովանդակային և կառուցվածքային փոփոխությունները: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պայմանավորվածություններ ձեռք բերեցին արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների  և ձևերի մասին:

 

***

 

Նոյեմբերի 20-ին դեսպան Մանուկյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար   Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: 

Հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության և երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին հայոց լեզվի և գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, երկլեզու ուսուցման հիմնախնդիրներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Հանդիպմանը դեսպանն անդրադարձավ նաև Վրաստանի տարածքում հայկական դպրոցների հիմնախնդիրներին, ինչպես նաև ուսուցչական կազմին և աշակերտությանը հուզող կարևոր հարցերին:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր