Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի հետ

22.11.2012

Նոյեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

                                           
Շնորհավորելով նախարարին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանն ընդգծեց, որ մշակույթի ոլորտը մեր երկրների փոխհարաբերությունների ամենակարևոր ոլորտներից է, ինչի գլխավոր պատճառը, թերևս, մեր ժողովուրդների մշակութային արմատների մեծ ընդհանրությունն է: Վրաստանի մշակույթի նախարարն իր հերթին խորը հարգանք արտահայտելով հայկական մշակույթի հանդեպ` կարևորեց այն բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան մեր ժողովուրդներին և հասարակություններին, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել լավ ճանաչել միմյանց: Այս կապակցությամբ ՀՀ դեսպանն առաջարկեց Վրաստանում խթանել այնպիսի ծրագրերի, մասնավորապես հեռուստանախագծերի իրագործումը, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրականացվել են Հայաստանում և որոնք Վրաստանի քաղաքացիներին հնարավորութւյուն կտան ավելի լավ ճանաչելու Հայաստանը և հայ ժողովրդի մշակույթը: Զրուցակիցները համաձայնվեցին այդօրինակ նախագծերի ծրագրման և իրականացման արդյունավետության հարցում:
Հովհաննես Մանուկյանը զրույցի ընթացքում բարձրացրեց Վրաստանում հայկական եկեղեցիների պահպանության անհրաժեշտության և դրանք Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցերը: Զրուցակիցներն անբնական որակելով 21-րդ դարում երկու եղբայրական ժողովուրդների միջև նման չլուծված հարցերի գոյության հնարավորությունը` կարևորեցին պահ առաջ հոգևոր և մշակութային այս հուշարձանների պահպանության և վերանորոգման հարցերի լուծումը: ՀՀ դեսպանն արտահայտեց Հայաստանի պատրաստակամությունն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում` վերականգնման նախագծերը հայկական կողմի հետ համաձայնեցման պայմաններում:
Դեսպան Մանուկյանը բարձրացրեց նաև Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման և բնականոն աշխատանքային մթնոլորտ ապահովելու կարևորությանը: Նախարար Օդիշարիան իր հերթին կարևորելով Կովկասի տարածաշրջանում հնագույն թատրոններից մեկի նշանակությունը` դեսպանին տեղեկացրեց, որ թատրոններին աջակցության հարցը երկրի նոր ղեկավարության առաջնահերթություններից է, ինչը հույս է ներշնչում, որ հայկական թատրոնի վերանորոգման հարց ևս կստանա արագ լուծում:
ՀՀ դեսպանը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարը քննարկեցին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության ծրագրի նախագծի հետ կապված, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին նախարարության աջակցության և համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր