Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերի դպրոցների տնօրենների հետ

29.11.2012

Նոյեմբերի 29-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը Կարմիր գյուղում հանդիպում ունեցավ Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերի դպրոցների տնօրենների հետ: 

                                         

Դեսպանի այցելության նպատակն էր շրջանի  հայկական դպրոցների առջև կանգնած հիմնախնդիրների պարզաբանումը, կրթօջախների տնօրեններին հուզող կարևոր հարցերի արձանագրումն ու դրանց լուծմանն աջակցելու հնարավորությունների քննարկումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայոց լեզվի և գրականության դասագրքերին, հայերենի դասավանդման ժամերի քանակին, ուսումնական ծրագրերին վերաբերվող մի շարք հարցեր:

Դեսպան Մանուկյանը մանրամասն հետաքրքրվելով դպրոցներում առկա հիմնախնդիրներով` որոշակի առաջարկություններ ներկայացրեց դրանց լուծման ուղղությունների վերաբերյալ և հույս հայտնեց, որ դրանք դրական լուծումներ կգտնեն Վրաստանի համապատասխան գերատեսչության ղեկավարության հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում:

Հովհաննես Մանուկյանը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց շարունակական և պարբերական բնույթ հաղորդել հայկական կրթօջախների տնօրենների հետ նմանատիպ հանդիպումներին ու շփումներին, ինչպես նաև խնդրեց այսուհետ ևս անհրաժեշտության դեպքում դեսպանությանը ներկայացնել բոլոր հրատապ լուծում պահանջող հարցերն ու խնդիրները:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայ Առաքելական  եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր