Իրադարձություններ

Հայաստանի դեսպանի հանդիպումը Վրաստանի հանրային պաշտպանի հետ

01.03.2013

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՀովհաննեսՄանուկյանը հանդիպեց Վրաստանի նորանշանակ հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում Վրաստանի հայ համայնքին հուզող և վիրահայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաբնույթ խնդիրներ, Հայաստանի և Վրաստանի համապատասխան գրասենյակների միջև համագործակցության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ի պատասխան հայկական եկեղեցիների պահպանության և վերականգնման, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմին վերադարձնելու մասին դեսպան Մանուկյանի բարձրացրած հարցադրմանը, Վրաստանի հանրային պաշտպանը նույնպես իր մտահոգությունը հայտնեց այդ հարցի չկարգավորվածությամբ և դրա լուծմանը խոչընդոտող մի շարք հանգամանքների կապակցությամբ: Միաժամանակ, օմբուդսմենը լավատեսական գնահատականներ տվեց խնդրի մոտալուտ կարգավորման հնարավորություններին Վրաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում` արձանագրելով, որ կառավարությունը ևս մտահոգ է խնդրով և ունի անկեղծ ցանկություն մոտ ապագայում ջանքեր գործադրել դրա լուծման համար:

                                                                 

                       

Հանդիպման մասնակիցները համաձայնվեցին այն հարցադրման հետ, որ հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված խնդիրը չպետք է դիտարկել որպես Հայաստանի և Վրաստանի միջև առկա խնդրահարույց հարց: Այն իրականում Վրաստանի հայազգի քաղաքացիների կրոնի և հավատքի ազատությանհիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման պետության պարտավորությունն է:

Հովհաննես Մանուկյանը և Ուչա Նանուաշվիլին կարևորեցին նաև Վրաստանի հայազգի քաղաքացիների և, մասնավորապես` ջավախահայության, Վրաստանի հասարակությանն արդյունավետ ինտեգրվելուն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը նոր իշխանությունների կողմից:

Դեսպան Մանուկյանը զրուցակցին փոխանցեց նաև Հայաստան այցելելու իր հայ գործընկերոջ հրավերը, ինչը սիրով ընդունվեց վրաց օմբուդսմենի կողմից:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր