Իրադարձություններ

Սումգայիթյան հանցագործության 25 ամյակին նվիրված միջոցառումներ Վրաստանում

01.03.2013

Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո և ոճրագործությանը զոհ դարձած հայերի ոգեկոչման արարողություն:

Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի, եկեղեցու հոգևոր դասի և դեսպանության կազմի, ինչպես նաև հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվեց Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Կիրովաբադում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականության և պետականորեն կազմակերպված հանցագործության  անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:

Սրբազան հայրն իր քարոզում հատուկ անդրադարձ կատարեց քառորդ դար առաջ Սումգայիթում և այլ բնակավայրերում հայազգի բնակչության հանդեպ կատարված ոճրագործությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների և հայ համայնքի մեծաքանակ ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ հուշ-երեկո, որի բացման խոսքով հանդես եկավ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Հայաստանի դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց նախորդ դարի 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, մինչ օրս շարունակվող պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված անհեռատես քաղաքականության հետևանքների մասին:

 

              

 

Այնուհետև Արցախի պատմության և նրա ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի վերաբերյալ պատմական և փաստավավերագրական դասախոսությամբ հանդես եկավ պատմաբան Կարեն Հովհաննիսյանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև հատվածներ սումգայիթյան, ինչպես նաև Բաքվի և Մարաղայի իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերից:

 

Երեկոյի ավարտին գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ  Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր