Իրադարձություններ

Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիում

02.03.2013

Մարտի 1-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակերպած ընդունելությունը` նվիրված Դիվանագետի օրվան: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, հայ համայնքային գործիչներ:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց դեսպան Հովհաննես  Մանուկյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց.

«Հետադարձ հայացք նետելով 21 տարվա ժամանակահատվածում մեր դիվանագիտության անցած ճանապարհին, կարող ենք իրավամբ պարծենալ այն իրողությամբ, որ չնայած նորանկախ Հայոց պետության առջև ծառացած սպառնալիքներին և մարտահրավերներին, դիվանագիտության` խաղաղության հայ մասնագետներին հաջողվեց  ապահովել կայուն, անսասան, փոխլրացման հիմքերի վրա կառուցված` ինքնուրույն, բազմավեկտորային, ճկուն արտաքին քաղաքական կուրս»:

Խոսելով Հայաստանի Հանրապետության դիվանագիտության կայացման ճանապարհի և այդ ճանապարհին արձանագրած հաջողությունների մասին, ՀՀ դեսպանը կարևորեց նաև Հայաստանի  դիվանագիտության դերը` որպես Լեռնային Ղարաբաղի նորանկախ պետության հուսալի հենարան արտաքին քաղաքական դաշտում, միջազգային տարբեր հարթակներում:

Դեսպան Մանուկյանի բացման խոսքից հետո կայացավ համերգային ծրագիր համայնքային երգի-պարի կոլեկտիվների մասնակցությամբ:

Միջոցառման  ընթացքում գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թ եմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

2012թ. մարտի 22-ին ՀՀ կառավարությունը, ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարության  առաջարկը, մարտի 2-ը Հայաստանում հռչակեց Դիվանագետի օր: Նշենք, որ Դիվանագետի օրը նշվում է նաև մի շարք այլ երկրներում: 21 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր