Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի գլխավոր դատախազի հետ

14.06.2013

Հունիսի   14-ին   Վրաստանում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը  հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ:

Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորեց նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին  շնորհակալություն հայտնեց  բարեմաղթանքների համար  և նշեց,  որ  հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը  դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարևոր  ուղղություններից  է:

Դեսպան Մանուկյանը և Վրաստանի գլխավոր դատախազը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները և այս ոլորտում  իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:

Զրուցակիցները  քննարկեցին Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության և լիարժեք իրականացման հնարավորության հարցերը: Քննարկվեցին նաև ընթացիկ համագործակցության ձևերն ու եղանակները` նպատակ ունենալով բարձրացնել դեսպանության գործունեության արդյունավետությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում:

Դեսպան Մանուկյանը   հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերքը:

Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն հայտնեց խորացնելու համագործակցությունը և ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող  կապերը ՀՀ դատախազության հետ:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր