Իրադարձություններ

Ընդունելություն Վրաստանում ՀՀ դեսպանությունում` հայազգի հայտնի թարգմանիչ, հրապարակախոս Գիվի Շահնազարի հոբելյանի կապակցությամբ

23.08.2013

Օգոստոսի 23-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը դեսպանությունում ընդունեց ծագումով հայ, թիֆլիսաբնակ  հայտնի թարգմանիչ, հրապարակախոս Գիվի Շահնազարին: Հանդիպումը նախաձեռնել էր դեսպան Մանուկյանը` Գիվի Շահնազարի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Շնորհավորելով հոբելյանին` Հովհաննես Մանուկյանը նրան փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական հեռագիրը: Բարձր գնահատելով Գիվի Շահնազարի ունեցած ավանդը Վրաստանի և Հայաստանի մշակութային կապերի խորացման գործում, հատկապես գրականության և թարգմանչական գործի ոլորտում` Հանրապետության Նախագահը Գիվի Շահնազարին մաղթել էր քաջառողջություն և անսպառ ստեղծագործական եռանդ:

                                 

                                 

Դեսպան Մանուկյանը` շնորհավորանքի խոսքեր հղելով տաղանդավոր ստեղծագործողին` չափազանց բարձր գնահատեց  նրա ունեցած ավանդը երկու ժողովուրդների մշակութային փոխճանաչման գործում:

Ծանոթություն.

Գիվի Շահնազար (Գիգուշ Յակովի Շահնազարով) ծնվել է 1933 թ., Թբիլիսիում: Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս: Ստացել է վրացական կրթություն, այնուհետև անհրաժեշտ է համարել մայրենի լեզվի իմացությունը, ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության ամբիոն:

Նարեկացի, Սայաթ-Նովա, Չարենց, Իսահակյան, Վահան Տերյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Համո Սահյան, Պարույր Սևակ` ահա ծագումով հայ Գիվի Շահնազարի կողմից տարբեր ժամանակներում վրացերեն թարգմանած հեղինակների ոչ ամբողջական շարքը:

Գիվի Շահնազարի թարգմանություններն այնքան ընդունված են, որ վրացերեն թարգմանված  հայկական բանաստեղծության հիմքով երգ է ստեղծվել, ինչը շատ հազվադեպ է պատահում: Իսկ ամբողջ Կովկասում սիրված հայ աշուղ Սայաթ Նովան Վրաստանում այդքան մեծ սեր է վայելում Գիվի Շահնազարի ջանքերի շնորհիվ, քանի որ մինչ այդ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների վրացերեն տարբերակը լի է եղել անթույլատրելի սխալներով:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր