Լուրեր

Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

13.03.2014

Կից լուսանկարներ

Րաֆֆու հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Թբիլիսիում

Րաֆֆու հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Թբիլիսիում

Ամբողջ ալբոմ »

 Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 13-ին Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով մասնավորապես ասաց. Մեծ է Րաֆֆու ավանդը հայ գրականության մեջ, դեռ դպրոցական տարիներից մեզանից յուրաքանչյուրը հիշում է ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորված և անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը առաջադրող նրա ստեղծագործությունները՝ Սամվելը, Խաչագողի Հիշատակարանը, Խենթը և այլք: Խորը և համակողմանիորեն ըմբռնելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտել է հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակներ են դարձել հայ երիտասարդության բազում սերունդների համար: Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու կերպարներին տալիս են հասարակական լայն արձագանք՝  գրողին բերելով հռչակ ոչ միայն հայրենիքում, այլ նաև Վրաստանում, ուր երկար տարիներ բնակվել է մեծ բանաստեղծը:

Դեսպան Մանուկյանը կարևորեց Րաֆֆու հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում և իր գոհունակությունը հայտնեց վրաց իշխանություններին, և մասնավորապես Թբիլիսիի քաղաքային իշխանություններին նման նախաձեռնություններին աջակցություն տրամադրելու փաստի կապակցությամբ :

Միջոցառման բարձր գնահատանքի խոսքով հանդես եկան Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Քացարավան, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի հայերի միություն կազմակերպության ղեկավար Միքայել Թադևոսովը և գրող-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին, Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը,  Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, վրաց և հայ մշակութային ու հասարակական գործիչներ:

Հուշատախտակի բացման արարողությունը հնարավոր է դարձել հայ գործարար Սամվել Աղեկյանի ֆինանսական աջակցության շնորհիվ:

  

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր