Լուրեր

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

01.04.2017

Կից լուսանկարներ

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Ամբողջ ալբոմ »

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։

2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը:

Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին` հետ մղելով Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ և իրենց կյանքի գնով կանխեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործությունների իրականացումը:

Մինչ միջազգային հանրությունը դատապարտում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները, Բաքուն փառաբանում էր կատարված վայրագությունները և դրանց հեղինակներին։

Ադրբեջանի արկածախնդրությունը ծանր հարված հասցրեց խաղաղության գործընթացին։

Իրավիճակի կայունացման, նոր լարվածության կանխարգելման և բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով մայիսի 16-ին Վիեննայում՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, իսկ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում` ՌԴ նախագահի հրավերով, կայացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց արդյունքում շեշտվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացման անհրաժեշտությունը և համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանը հրաժարվեց իրականացնել ձեռք բերված համաձայնությունները և հայտնվեց մեկուսացման մեջ՝ հակադրվելով միջազգային հանրությանը:

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ ստում է, թե իբր համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս՝ ձևացնելով, թե իբր չի ընկալում այն, ինչն ասում են եռանախագահ երկրների ղեկավարները. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրականացնի ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով։ Նույն մոտեցումն ունի Հայաստանը. այո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի կողմից։ Բաքվի այդ կեղծիքը ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքական ուղեգծի բացարձակ ձախողումը։ Ձախողվելով բանակցային գործընթացում` Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը և կրկին տապալվեց։

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցայտուն կերպով ապացուցեց, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անշրջելի է։

Ի պատասխան ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին` միջազգային հանրությունը հստակ զգուշացնում է, որ դա չի հանդուրժվի։

Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր