Լուրեր

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Վրաստանում

24.04.2017

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Վրաստանում

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Վրաստանում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում ու Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ:
Ապրիլի 23-ին «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումներ տեղի ունեցան Վիրահայոց թեմում:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, թեմի կրթական բաժնի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները ֆլեշ-մոբ անցկացրեցին` ներկայացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված Ծիծեռնակաբերդի խորհրդանշական պատկերը:

Միջոցառումների շարքը շարունակվեց «Հայարտուն» կենտրոնում, որտեղ տեղի ունեցավ Իվ Տերնոնի «Հայեր. մեկ ցեղասպանության պատմություն» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը, որի ժամանակ գրքի մասին խոսեց թարգմանիչ Ալեքսանդր Քալանթարովը: Միջոցառումն ավարտվեց Էնդրյու Գոլբերգի «Հայերի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Այնուհետև, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ կողմից կազմակերպված «Հուշ-երեկո», որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամներ, մի շարք երկրների դեսպաններ, տարբեր եկեղեցիների առաջնորդներ, դիվանագետներ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, վրաց հասարակական շրջանակների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:

Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդարության պահանջի վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ Վրաստանի խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն իր ելույթում նշեց, որ պարտավորվածություն է զգում հայ ժողովրդի այս ողբերգական օրը նրա կողքին լինելու և վշտակիցը դառնալու համար:

Հիշատակի միջոցառման ընթացքում հնչեցին նաև երաժշտական և ասմունքի կատարումներ։

Ապրիլի 24-ին Վրաստանում հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցիում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին մատուցեց պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամներ, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, համայնքային գործիչներ, մտավորականներ:

Պատարագին հետևեց եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման հատուկ արարողություն:

Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր