Լուրեր

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի խոսքը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

14.12.2017

Կից լուսանկարներ

Վրաստանում

Ամբողջ ալբոմ »

Գերաշնո՛րհ Սրբազան հայր,
Մեծարգո՛ հյուրեր,
Վիրահայ համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ինձ համար մեծ պատիվ և միաժամանակ լրջագույն պատասխանատվություն է լինել Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը բարեկամ Վրաստանում։

Ասել, թե Հայաստանն ու Վրաստանն ունեն ընդհանրություններ, նշանակում է շատ քիչ բան ասել։ Մեր ժողովուրդները, մեր պատմությունն ու մշակույթը սերտորեն փոխկապակցված են միմյանց։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ, քանզի մենք հազարավոր տարիներ է ապրում ենք կողք կողքի, իսկ ժամանակի փորձությունն անցած և դրանով իսկ թրծված մեր բարեկամության հենքը շաղախված է փոխադարձ խորը հարգանքով և ամուր վստահությամբ։

Հայաստանի և Վրաստանի միջև փոխհարաբերությունները շարունակում են ընդլայնվել ու ավելի խորանալ, իսկ այդ ամենում իր մեծագույն ներդրումն ունի վիրահայ համայնքը, որն, իրավամբ, մեր երկու պետությունները միմյանց կապող կարևորագույն օղակներից մեկն է հանդիսանում։

Վրաստանը հայ ժողովրդի պատմության մեջ անկյունաքարային նշանակություն է ունեցել։ Ներսիսյան դպրոցն ու հայ դպրության մյուս կաճառները, Սուրբ Գևորգն ու Սուրբ Էջմիածինը, արվեստի, մշակույթի, գրականության հայ հսկաների այն աստղաբույլը, որոնք գործել են Թիֆլիսում և ի վերջո սրբության սրբոց Խոջիվանքը գալիս են ապացուցելու այն, թե ինչ հսակայական նշանակություն ու դեր է ունեցալ Վրաստանը հայ իրականության համար։

Անչափ ուրախ եմ հայրենիքի սահմաններից դուրս այսքան հայրենակիցներ մեկ տանիքի տակ ժողովված տեսնելու համար։ Ձեզ տեսնելով՝ ես ինձ ավելի ուժեղ և ապահով եմ զգում, հասկանում եմ, որ այստեղ ունեմ ամուր թիկունք, իսկ իմ՝ ՀՀ դեսպանի պարագայում, դա կարևորագույն պայման է։

Համաձայնե՛ք, հիանալի է, երբ միասին ենք, հիանալի է, երբ միասնական ենք։ Հավատացե՛ք, միայն միասանական լինելով և միմյանց օգնելով կարող ենք հաջողության հասնել։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, իմ դիվանագիտական առաքելության ողջ ընթացքում անելու եմ հնարավորը, որ նպաստեմ վիրահայ համայնքի միասնականության ամրապնդմանը։ Մեր հաջողության գրավականը դա է։ Եվ ոչ միայն հաջողության, ինչպես կասեր մեծն Չարենցը, առհասարակ, հայ ժողովրդի միակ փրկությունն է միասնականությունը։

Ընդունելության հարգելի՛ մասնակիցներ, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ, որ այսօր մասնակցում եք դեսպանության կազմակերպած այս գեղեցիկ և հիշարժան միջոցառմանը։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Վրաստանի բարձրագույն իշխանություններին, որոնց բարյացակամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ մշտապես ակնառու է։

Իմ մեծ ցանկությունն է, որպեսզի վիրահայ համայնքն իր գործունեությամբ միայն վերելքներ գրանցի, որպեսզի այստեղ կրկին բացվեն նոր վերնատներ ու մշակութային օջախներ, որպեսզի կարողանանք պահել մեր ազգային ինքնությունն ու ինքնագիտակցությունը: Իսկ այդ ամենին հնարավոր է հասնել միայն մեկ ճանապարհով, ինչպես արդեն նշեցի՝ միասնական լինելու ճանապարհով։ Վստահ եղե՛ք, այդ ճանապարհին ես ձեր կողքին եմ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր