• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համայնքի մասին

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ

Վրաստանի և Հայաստանի պատմությունները սերտորեն միահյուսված են, և երկու ժողովուրդների միջև հարաբերությունները տևում են դարեր: Վրաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով (2014թ. նոյեմբեր)՝ երկրում բնակվում է շուրջ 168 հազար հայ (ընդհանուր բնակչության 4.53%), որոնք կենտրոնացած են հիմնականում Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքի ու Քվեմո Քարթլիի մարզերում և այլ վայրերում:

Հայերի զանգվածային գաղթը Վրաստան սկսվեց 11-րդ դարում՝ Բագրատունիների հայկական թագավորության և նրա մայրաքաղաք Անիի անկումից հետո: XVIII դարում հայ առևտրականների զգալի խումբ սկսեց բնակություն հաստատել Թբիլիսիում (այն ժամանակ՝ Թիֆլիս), որտեղ նրանք կառուցեցին եկեղեցիներ և ուսումնական հաստատություններ:

XIX դարում հայերը կազմում էին Թբիլիսիի բնակչության զգալի մասը: Այս ժամանակ ստեղծվեց հայկական առևտրային բուրժուազիա (բաղկացած հայտնի Մանթաշև, Արամյանց և Ղուկասով ընտանիքներից), որոնց պատկանում էին Թբիլիսիի արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրային տների շուրջ 60%: Թբիլիսին դարձել էր Անդրկովկասի տնտեսական, մշակութային և քաղաքական կենտրոնը, ինչում իր կարևոր դերն ուներ նաև քաղաքի հայ մտավորականությունը: Նրանց թվում էին Թիֆլիսում ծնված բանաստեղծ Սայաթ Նովան, նկարիչներ Ստեփանոս Ներսիսյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Հովնաթանյանների ընտանիքը՝ Մկրտում, Հակոբ և Աղաթոն, նկարչուհի Գայանե Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը, տեսիլքի նկարիչ և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:

1858 թվականից Թբիլիսիում իր գործունեությունն է սկսել Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը՝ Հավլաբարի գլխավոր հրապարակում: Այժմ թատրոնի հին շենքը քանդվել է, ընթանում են վերակառուցման աշխատանքները։

Քաղաքը կենտրոնական դեր է խաղացել հայ գրականության զարգացման գործում: Այստեղ են ծնվել գրողներ Ղազարոս Աղայանը, Գաբրիել Սունդուկյանը և Նար-Դոսը, իսկ գրականության հսկաներ Րաֆֆին և Հովհաննես Թումանյանն անցկացրել են իրենց կյանքի մեծ մասը: 1899-ին Թումանյանը հիմնել է «Վերնատուն» գրական ակումբը Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Լևոն Շանթի և այլոց հետ միասին: 2017-ին Թբիլիսիում բացված Թումանյանի տունը մեզ է ներկայացնում ողջ այդ պատմությունը:

Վրաստանում հայալեզու մամուլն ունեցել է բավականին հարուստ պատմություն: Տարբեր ժամանակներում այստեղ լույս են տեսել ավելի քան 260 հայկական պարբերականներ: Վրաստանի ամենահին թերթը 1920-ին հիմնադրված հայկական «Վրաստան» թերթն է, որը դեռ շրջանառության մեջ է:

Ներսեսյան ճեմարանը, որը բացվել էր 1824-ին, աշխարհի ամենամեծ հայկական կրթական հաստատություններից մեկն էր: Այնտեղ սովորել են գրողներ Խաչատուր Աբովյանը, Պերճ Պռոշյանը, ինչպես նաև այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Սողոմոն Թեհլիրյանը և Անաստաս Միկոյանը: 1911թ-ին ճեմարանը տեղափոխվել էր նոր շենք՝ «Արսենալ Հիլլում», որն ամբողջովին կառուցվել է Հայաստանից ներմուծված տուֆից: 1924թ-ին ճեմարանը փակվել է, իսկ այսօր այդ շենքում գործում է Կովկասի համալսարանը: Ներկայումս Վրաստանում գործում են մոտ 130 հայկական դպրոցներ և դպրոցներ խառը ուսուցմամբ:

Վրաստանը, և հատկապես Թբիլիսի քաղաքը, առանցքային էին նաև հայկական քաղաքական զարգացումների համար: 1880-ին Միխայիլ Լոռիս-Մելիքովը նշանակվել է Ռուսաստանի կայսրության ներքին գործերի նախարար: Տասը տարի անց՝ 1890թ-ին Թբիլիսիում հիմնադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ): Բացի այդ, հայ համայնքի ներկայացուցիչները բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել երկրի կառավարման մարմիններում, օրինակ՝ Թբիլիսին ունեցել է 40-ից ավելի հայ քաղաքապետ:

7-19-րդ դարերի ընթացքում Վրաստանի տարածքում հայերը կառուցել են ավելի քան 600 եկեղեցի՝ ձևավորելով Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը: Չնայած հարուստ կրոնական պատմությանը՝ եկեղեցիներից շատերն ավերվել են սովետական ​​դարաշրջանում: Այժմ հայկական եկեղեցիներից Թբիլիսիում գործում են միայն Սուրբ Գևորգ եկեղեցին (Առաջնորդարան) և Սուրբ Էջմիածին եկեղեցին (Էջմիածնեցոց Սբ. Գևորգը՝ Հավլաբարում), գործում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ Ախալցխայում, Սուրբ Խաչ եկեղեցին՝ Ախալքալաքում, Սուրբ Սարգիս եկեղեցին՝ Նինոծմինդայում և այլ եկեղեցիներ ու մատուռներ:

Հատուկ նշանակություն ունի Թբիլիսիի հայկական պանթեոնը՝ Խոջիվանքը, որտեղ թաղված են հայ մեծ իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, գրականության և մշակույթի նշանավոր գործիչներ: Պանթեոնը ժամանակին ձևավորվել է Խոջիվանքի շրջակայքում (կառուցվել է 1780թ.), որը քանդվել է 1930-ական թվականներին, իսկ գերեզմաններից շատերը ոչնչացվել են:

XIX դարի վերջից ի վեր Ջավախքի (վրացերեն՝ Ջավախեթի) բնակչության ճնշող մեծամասնությունը կազմված է եղել հայերից, նրանց թիվը զգալիորեն աճել է 1828-29թթ․ ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանից, հիմնականում Կարինից (ներկայիս Էրզրում) փախստականների գալով։ Այսօր Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի բնակչության մեծամասնությունը, համաձայն 2014թ․ մարդահամարի տվյալների, կազմում են հայերը՝ շուրջ 81 հազար մարդ:

Սամցխե-Ջավախքի Ախալքալաք քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 8000 մարդ, որի 90%-ից ավելին կազմում են հայերը: Սուրբ Խաչ եկեղեցին այստեղ բացվել է 1856թ., որի բակում կանգնեցված է Կարապետ Բագրատունու արձանը, որին երբեմն կոչում են Կարապետ Սրբազան: Էրզրումից եկած այս քահանան հազարավոր հայ փախստականների է ուղեկցել դեպի Ջավախք ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակում տեղադրված է նաև Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը: Հայ բնակչությամբ երկրորդ խոշոր քաղաքը Նինոծմինդան է՝ ավելի քան 5000 բնակչով, որի 90%-ից ավելին կազմում են հայերը: Քաղաքի հյուսիսում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնվել է XIX դարում: Նրանից քիչ ավելի հեռու գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված սովետահայ զինվորների հուշահամալիրը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրը գտնվում է վրաց-հայկական բարեկամության պուրակում:

Շրջանում կան տասնյակ փոքրիկ գյուղեր, որոնցից շատերը բնակեցված են ամբողջությամբ հայերով: Որոշ գյուղեր հայ կաթոլիկ են և ունեն իրենց դպրոցներն ու փոքր եկեղեցիները: Հեշտիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է նրանց համայնքի հոգևոր կենտրոնը:

2019 թվականին Սաթխե գյուղում բացվեց ջավախահայության ազգագրական թանգարան, իսկ Գանձա գյուղում՝ Վահան Տերյանի տուն-թանգարանը: Հայ մեծ բանաստեղծ Ջիվանու թանգարանը գտնվում է Թուրքիայի սահմանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քարծախի գյուղում:

Հայերը զգալի թիվ են կազմում նաև Սամցխե-Ջավախքի ամենախոշոր Ախալցիխե քաղաքում (հայերեն՝ Ախալցխա): Հայ կաթողիկե կարդինալ Գրիգոր Պետրոս 15-րդ Ագագանյանը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի հայրը` Միքայել Ազնավուրյանը, Ախալցխայի բնիկներ են:

Սև ծովի ափին, Բաթումի հանգստավայրը XIX դարից ի վեր տուն է դարձել հայ համայնքի համար: Բաթումիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1887 թվականին, 2010թ-ին խաչքար է տեղադրվել եկեղեցու բակում: Պաշտոնական տվյալներով Աջարիայում ապրում է ավելի քան 5000 հայ:

Վրաստանում գործում են նաև մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ՝ «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի միություն», Աջարիայի հայերի միություն, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոն, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միություն և այլն։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: