• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիում հայկական եկեղեցիների վերականգնողական աշխատանքներում դեռևս առաջընթաց չկա. Վրաստանում ՀՀ դեսպան

04 մայիսի, 2013

 «Հետքի» հարցերին պատասխանում է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը 

-Որքանո՞վ  եք  իրատեսական համարում  Ջավախքում  հայոց  լեզվին կարգավիճակի  տրամադրումը: 

Հավանաբար Դուք խոսում եք տարածաշրջանաին լեզվի կարգավիճակի մասին, ինչպիսի կարգավիճակ նախատեսում է Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան: Նման կարգավիճակի տրամադրմանը պետք է նախորդի Վրաստանի խորհրդարանի կողմից հիշյալ խարտիայի վավերացումը: Միայն դրանից հետո իրավական տեսանկյունից իմաստ կունենա նման հարցադրումը:

Հարկ է նաև հաշվի առնել, որ վրաց հասարակության մեջ չկա միանշանակ վերաբերմունք խարտիայի վավերացման խնդրի վերաբերյալ: Ավելին, դրա դեմ են արտահայտվել քաղաքական, հասարակական և կրոնական բավականին ազդեցիկ դեմքեր, այդ թվում նաև Համայն Վրաստանի կաղոթիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Այս առումով բավականին բարդ է կանխատեսել հնարավոր զարգացումները: Այնուամենայնիվ, ապրիլի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստովանեց, որ ժամանակին Վրաստանն ստանձնել է նշյալ խարտիային միանալու պարտավորություն: Միաժամանակ, վարչապետը  նույն վեհաժողովի նիստում հայտարարեց, որ իր կառավարությունն ամեն ինչ կանի` Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

-Վրաստանում  ՀՀ  դեսպանությունը  որևէ  աջակցություն  ցուցաբերո՞ւմ  է  ջավախքցիներին  այսհարցում: 

Վրաստանում ՀՀ դեսպանությունն իրավասու չէ և չի կարող միջամտել հարցերին, որոնք վերաբերում են Վրաստանի ներքին քաղաքականությանը: Կոնկրետ այս հարցը տեղի հայ ազգաբնակչության` որպես Վրաստանի ժողովրդի մի հատվածի, և վրացական իշխանությունների միջև հարաբերությունների առարկա է:

-Պրն  դեսպան,  Իվանիշվիլու  թիմի`  իշխանության  գալուց   հետո,  ի՞նչ փոփոխություններ և միտումներ եք նկատում հայ-վրացական  հարաբերություններում (թե’ դրական, թե’ բացասական):

Վրաստանի վարչապետի այս տարվա այցը Երևան զգալի լիցք հաղորդեց հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար բարենպաստ հող ստեղծելու գործին: Այդ այցի շրջանակներում ստորագրվեցին երկու կարևորագույն փաստաթղթեր:

Առաջինը` «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգութի» և «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետերի համատեղ օգտագործման մասին պայմանագիրն է, որը կոչված է արագ և արդյունավետ դարձնելու մեր երկրների քաղաքացիների և կազմակերպությունների համար հայ-վրացական սահմանը հատելու և մաքսային ձևակերպումների ընթացակարգը: Սա, բնականաբար, կարող է նպաստել մեր երկրների միջև ինչպես գործարար կապերի աշխուժացմանը, այնպես էլ զբոսաշրջության ակտիվացմանը: Հաջորդ փաստաթուղթը` Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների 2013-2015 թթ. համագործակցության ծրագիրն է, որը ծառայելու է մեր մշակութային կապերի ամրապնդմանը, մեր ժողովուրդների կողմից հարևան մշակույթի փոխադարձ առավել խորը ճանաչմանը: Բացի այդ, այսօր մենք դրական տեղաշարժի ակնկալիք ունենք  հայկական եկեղեցիների վերականգնման և մի շարք այլ հարցերում:

Մեր հարաբերություններում այսօրվա դրությամբ չկան պրոբլեմներ. կան բանակցման և լուծման ենթակա հարցեր, անկախ դրանց բարդության աստիճանից:

Ջավախքում հայ-վրացական  համալսարանի  բացման  գաղափարն  ինչպե՞ս  է ընկալվում վրացականնոր իշխանությունների շրջանում: Այս հարցում  առաջխաղացումներ  կա՞ն:

Ասեմ, որ Ջավախքում հայ-վրացական համալսարանի բացման գաղափարն ի սկզբանե եղել է նոր քաղաքական ուժի նախընտրական խոստումներից մեկը:  Վրաստանի ներկայիս վարչապետը բարձրացրել էր այդ հարցը դեռ այն ժամանակ, երբ «Վրացական երազանք» դաշինքի ընտրարշավի շրջանակներում այցելել էր Ախալքալաք: Բիձինա Իվանիշվիլու նախընտրական խոստումների կատարման հարցը նոր կառավարության առաջնահերթություններից է, և այդ են վկայում ընտրություններից հետո անցած ժամանակաշրջանում նրա թիմի գործունեության արդյունքները: Վերջերս, Ախալքալաքից Վրաստանի մայրաքաղաք ժամանած «Վրացական երազանք»-ի կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, իշխող դաշինքի անդամ, պատգամավոր Գիգլա Ժվանիան հաստատել է, որ հայ-վրացական համալսարան Ախալքալաքում անպայման կբացվի: Այնպես որ, կան  հիմքեր ենթադրելու, որ Իվանիշվիլու այդ խոստումը իրականություն կդառնա: Միաժամանակ, գտնում եմ որ հայկական կողմի պատրաստակամությունն աջակցելու այդ գործընթացին` ավելորդ չի լինի:

Ի՞նչ ընթացք է ստացել հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին 

վերադարձնելու հարցը: Հիմա կոնկրետ  ի՞նչ  գործողություններ  են  ընթանում  և  արդեն  ի՞նչ արդյունքներ կան:

Վարչապետ Իվանիշվիլին դեռ տարեսկզբին հանդես էր եկել նախաձեռնությամբ` վթարային վիճակում գտնվող եկեղեցիների վերականգնումը սկսել մինչև վիճելի եկեղեցիների պատկանելության մասին որոշում ընդունելը: Եկեղեցիների վերականգնման աշխատանքների պլանավորման և եկեղեցիների կոնսերվացման նպատակով, ստեղծվել  և արդեն գործում է աշխատանքային խումբ, որի կազմի մեջ ընդգրկված են Վրաստանի մշակույթի նախարարության, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և ՀԱԵ Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ: Մենք լիահույս ենք, որ վրացական կողմը արդյունավետ ձևով կիրականացնի հոգևոր ժառանգության օջախների պահպանության և ամրապնդման աշխատանքները` հայկական կողմից մասնագետների ներգրավմամբ:

Ինչ վերաբերվում է եկեղեցիների հետագա ճակատագրին և դրանք իրական տիրոջը վերադարձնելու խնդրին, ապա այստեղ, կարծում եմ, դեռ աշխատանք կա անելու, ընդ որում` ոչ միայն աշխարհիկ իշխանության ներկայացուցիչների, այլև մեր եկեղեցիների բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից: 

Մամուլում հրապարակումներ եղան, որ Վրաստանի կառավարությունն արդեն իսկ սկսել է հայկական  մի քանի  եկեղեցիների  վերականգնման գործընթացը: Այս տարի ո՞ր եկեղեցին էվերականգնվելու:

Ապրիլի 24-ին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան վերահաստատեց, որ Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների անվճար վերականգնման վերաբերյալ Բիձինա Իվանիշվիլու Էջմիածնում արած խոստումն ուժի մեջ է: Ավելին, դիմելով վրաց հասարակության այն ներկայացուցիչներին, ովքեր դժգոհություն էին արտահայտել Վրաստանի վարչապետի այդ նախաձեռնության կապակցությամբ, Օդիշարիան շեշտեց. «Մենք կլինենք ավելի հարուստ, եթե ավելի սիրենք ու հարգենք միմյանց, եթե տանք ավելին …»: Հենվելով վերոհիշյալ խմբի կողմից անցկացված գնահատմանը` Վրաստանի մշակույթի նախարարը հայտարարեց, որ կան մի քանի եկեղեցիներ, որոնց վերականգնումը հնարավոր կլինի սկսել արդեն մի քանի ամսում:

Թբիլիսիում այն հինգ եկեղեցիներից  երեքում, որոնք ժամանակին եղել են հայ եկեղեցու տիրապետության ներքո, մշակվել են վերականգնման նախագծեր: Ցավոք, դեռևս վերականգնողական աշխատանքներում առաջընթաց չկա: Որոշ դժվարություններ է ստեղծում նաև այն հանգամանքը, որ այդ եկեղեցիներից մեկի բակում բնակվում են մասնավոր անձինք /Մուղնի/, իսկ մյուսի պատին անմիջականորեն հարում է մի բնակելի տան պատ /Ս.Նշան/, ինչը բարդացնում է հիմքի վերականգնման աշխատանքները:

ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀԱԵ Վիրահայոց թեմը հարցը պահում են ամենօրյա հսկողության ներքո: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: