• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը վրացական IPN լրատվական գործակալությանը

16 հոկտեմբերի, 2023
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը վրացական IPN լրատվական գործակալությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

- Կցանկանայի Ձեզ հարցնել մի քանի շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ինտենսիվ ռազմական հարձակումները ստիպեցին նաև էթնիկ հայերին լքել Լեռնային Ղարաբաղը։ Ինչպիսի՞ իրավիճակ այս պահին հակամարտության գոտում։

Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվեց լայնածավալ ռազմական հարձակում, որի ժամանակ թիրախավորվեցին նաև քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները: Երկօրյա այդ ագրեսիային ԼՂ-ում զոհ դարձան հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում քաղաքացիական բնակչություն, կանայք և երեխաներ։ 10 հազարից ավել մարդ զրկվեց օթևանից և ապրուստի որևէ միջոցից։

ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները փաստացի անկարող գտնվեցին կասեցնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ ուղղված այս ագրեսիան, ավելին՝ ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձան նաև ռուս խաղաղապահներ։

Եվ այս ագրեսիան տեղի ունեցավ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման միջոցով ԼՂ 10 ամիս շրջափակումից հետո, որը հանգեցրել էր ԼՂ-ում սննդամթերքի, բժշկական պարագաների, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բացակայության՝ սպառման եզրին հասցնելով բնակչության գոյատևման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները։ Գոյաբանական սպառնալիքի առջև կանգնած ԼՂ խաղաղ բնակչությունը փաստացի այլընտրանք չուներ, քան լքել իրենց հայրենի հողը, որտեղ բնակվում էր տասնյակ դարերի ընթացքում. ագրեսիային հաջորդած 3-4 օրվա ընթացքում ավելի քան 100 հազար մարդ՝ ԼՂ գրեթե ողջ բնակչությունը փաստացի ենթարկվեց բռնի տեղահանության՝ ապաստան գտնելով Հայաստանում։

 

- Տեսել ենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության  հայտարարությունը, որում ասվում է, որ Ադրբեջանը որևէ առնչություն չունի տեղի հայերի՝ Ղարաբաղի շրջանից Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ, և որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ձեռնարկել համապատասխան միջոցառումները նրանց վերաինտեգրման համար։ Ինչպիսի՞ն է իրավիճակը այս տեսանկյունից։ Գիտենք, որ մի քանի տասնյակ հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը, և Հայաստանի վարչապետը այս փաստը կապել է էթնիկ զտման հետ։ Արդյոք հնարավոր է նրանց վերադարձնել Լեռնային Ղարաբաղ, եթե, իհարկե, նրանց մոտ այդպիսի ցանկություն կա։

Մի հին և իմաստուն ասացվածք կա՝ մարդկանց մտադրությունների մասին դատում են ոչ թե նրանց խոսքերով, այլ գործերով։

Ադրբեջանի վերջին մեկ տարվա քաղաքականությունն ու գործողությունները ակնհայտորեն ի ցույց են դնում այս զանգվածային ոճրագործության նախապես ծրագրված և կազմակերպված բնույթը։ Բնակչությանը հասցնել սովի եզրին և լայնածավալ ռազմական ագրեսիայի միջոցով վերջիններիս պարտադրել լքել հայրենի հողը. Ադրբեջանը արհամարհելով միջազգային բոլոր նորմերը գնաց ԼՂ-ում էթնիկ զտման իրականացման։

Ինչ վերաբերում է ԼՂ հայերի վերադարձի ցանկությանը՝ վստահ եմ, որ այդ ցանկությունը շատ մեծ է, չէ որ դա այն հայրենի հողն է, որտեղ այս մարդիկ և իրենց նախնիները դարերի ընթացքում ապրել և արարել են։ Սակայն այսօր՝ Ադրբեջանի հանցավոր գործելաոճին ականատես լինելուց հետո, վերջինիս առաջ քաշած պայմաններով այդ մարդկանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ կնշանակի ուղղակի ապրել պետության կողմից հովանավորվող հայատյացության և ցեղասպանության ենթարկվելու չդադարող սպառնալիքի պայմաններում։

 

- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն Բաքվի հետ բանակցությունները պետք է ընթանան բրյուսելյան ձևաչափով։ Կմանրամասնե՞ք փոքր ինչ ընդհանուր բանակցային գործընթացի վերաբերյալ։

Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու իր պատրաստակամության մասին և տարբեր ձևաչափերով ակտիվորեն ներգրավված է եղել համապատասխան բանակցային գործընթացում։

Ցավոք, Ադրբեջանի գործողությունները կրկին ապացուցում են, որ Ադրբեջանը մերժում է միջնորդների ջանքերը՝ բանակցությունների միջոցով իրական խաղաղության հասնելու համար։ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում 2021թ. մայիսին և 2022թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի արդյունքում օկուպացված ՀՀ տարածքները։ Ամենաբարձր մակարդակով պարբերաբար Ադրբեջանը հավակնություններ է հնչեցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Առ այսօր Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բազմաթիվ հայ ռազմագերիներին։

Փաստացի 2020թ. պատերազմին և դրան հաջորդած ագրեսիաներին, ԼՂ-ի՝ գրեթե մեկ տարի շարունակվող շրջափակմանը և իրականցված էթնիկ զտմանը միջազգային հիմնական դերակատարների, համապատասխան միջազգային կառույցների կողմից առարկայական գործողությունների բացակայությունը Ադրբեջանի մոտ առաջացրել է անպատժելիության ընկալում, և վերջինս շարունակում է առաջնորդվել ուժով խնդիրները լուծելու տրամաբանությամբ։ Ադրբեջանի այս գործելաոճը նկատվում է միջազգային դերակատարների հետ վերջիններիս շփումներում, ինչի խոսուն օրինակն է Ադրբեջանի կողմից վերջին պահին Գրանադայում ԵՄ միջնորդությամբ նախատեսված բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը։

 

- Հակամարտության վերջին սրման ընթացքում 30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ առաքելությունը մուտք ստացավ Լեռնային Ղարաբաղի շրջան։ Այս համատեքստում կցանկանայի Ձեզ հարցնել՝ ինչքանով է կարևոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում Եվրամիության դերն ու մասնակցությունը Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում։

Այսօր ԵՄ-ն որպես միջնորդ ներգրավված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում, և մենք, իհարկե, գնահատում ենք այս ուղղությամբ ԵՄ կողմից գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ Գրանադայում կայացած հանդիպումից հետո արված հայտարարությունը, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո սեղմ ժամկետում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հիմնումը, որը կոչված է նպաստելու տարածաշրջանում կայունության պահպանմանը։

Անհասկանալի է ԵՄ որոշակի կաշկանդվածությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Որոշ ԵՄ անդամ երկրներ հնչեցնում են տեսակետ, թե Ադրբեջանն էներգակիրների առումով հանդիսանում է ԵՄ կարևոր գործընկեր՝ մատնանշելով իրենց կախվածությունն Ադրբեջանից։ Այդուհանդերձ, հարցը պետք է դիտարկել բացառապես քաղաքական և արժեհամակարգային հարթության վրա, իսկ դրանից զատ՝ փորձագիտական շրջանակների գնահատականներով Ադրբեջանն ավելի կախված է ԵՄ-ից՝ սեփական էներգակիրների իրացման հարցում, քան հակառակը։ Հենց այս փաստարկը պետք է գերակայող լինի ԵՄ անդամ երկրների քաղաքականության մեջ։

Կարևոր է, որ թեկուզ այս ծանր աշխարհաքաղաքական պայմաններում ԵՄ-ն հավատարիմ մնա իր դավանած արժեքներին և շարունակի լինել դրանց տարածման առաջամարտիկը։ Քանզի միայն իրական ժողովրդավարական գործընթացները կարող են հիմք հանդիսանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և կայուն զարգացման համար։

 

- Եվ վերջում, կցանկանայի Ձեզ հարցնել՝ ինչպես եք գնահատում մեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը, առկա մարտահրավերներն ու հեռանկարները։

Այսօր աշխարհում տեղի ունեցող մի շարք գործընթացներ քայքայիչ հետևանքներ են ունենում միջազգային հարաբերությունների ներկա տրամաբանության պահպանման և գլոբալ աշխարհակարգի կենսունակության ապահովման վրա: Այդպիսի գործընթացների ցցուն օրինակների շարքին պետք է դասել նաև 2020թ. ԼՂ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը: Այդ ընթացքում միջազգային հանրության հստակ և հասցեական արձագանքի բացակայությունը, կատարվողի հանդեպ որոշ երկրների լուռ համաձայնությունը, հերթական հարվածն ու ահազանգն էր, որի թիրախում, մեր տարածաշրջանից բացի, հայտնվեց նաև միջազգային ողջ իրավահամակարգը:

Ասվածում չկա որևէ չափազանցություն: Ոտնահարելով միջազգային իրավունքի տարրական սկզբունքները՝ Ադրբեջանը որոշեց «կարգավորել բոլոր հարցերը» ռազմական հանցագործություններով ուղեկցվող բիրտ ուժի կիրառմամբ: Ադրբեջանի այս արկածախնդրությունը ոչ միայն խեղեց տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր, խաթարեց տարածաշրջանի անվտանգային ողջ համակարգը, այլև դարձավ հարցերը ուժով ու հարկադրանքով լուծելու հերթական անպատիժ օրինակը: Ավելին, անպատժելիության հետևանք է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 100 հազար բնակիչ բռնի տեղահանվել և ստիպված լքել է իր բնօրրանը, իսկ Ադրբեջանն այսօր էլ փորձում է ուժ և տնտեսական լծակներ օգտագործել տարածաշրջանում պայմաններ թելադրելու համար՝ մոռանալով, որ օրինակ էներգակիրների արտահանման հարցում, մեծ կախվածություն ունի մեր բարեկամ Վրաստանից։ Այսօրինակ զարգացումներն են, որ մի շարք երկրներում առաջացնում են անվտանգային լրջագույն մտահոգություններ և դրանք հասցեագրելու նոր մոտեցումների փնտրտուքներ:

Կարծում եմ՝ մեր տարածաշրջանն այնքան փոքր է, որ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի լիարժեք զարգացումը հնարավոր է միայն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու համաչափ զարգացման միջոցով։ Այս գիտակցումով է ահա, որ չնայած բազմաթիվ բարդություններին, Հայաստանն անկեղծ մղումներով ու խնդիրները կարգավորելու կառուցողական տրամադրվածությամբ ներգրավվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ հարցերում Թուրքիայի դիրքորոշումները նույնական են Ադրբեջանի առավելապաշտական պատկերացումների հետ, բայց համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը պահանջում է հավաքական պատասխանատվություն: Հայաստանը պատրաստ է ստանձնել ընդհանուր այդ պատասխանատվության իր չափաբաժինը և հուսով է, որ նույնպիսի պատրաստակամություն կցուցաբերեն նաև մյուսները: Ավելին, մենք վստահ ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների օր առաջ կարգավորումը էական նպաստ կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման գործում։

 

Հարցազրույցի օրիգինալ տարբերակը վրացերենով հասանելի է IPN լրատվական գործակալության կայքում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: